Մի բանկից վերցնում, մյուս բանկի բերանն ենք փակում. ապրիլյան պատերազմի մասնակիցն ուզում է աշխատել (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմում վիրավորվելուց հետո երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած 22–ամյա Նորայր Զախարյանն արդեն երեք տարի ապարդյուն փորձում է աշխատանք գտնել։ Դիմել է մի շարք գործակալությունների, և հույսը չի կորցրել, որ
դրական արձագանք է լինելու:«2017 թվականին դիմեցի Արտակարգ իրավիճակների նախարարության
Գեղարքունիքի մարզայինի վարչություն, վարչության պետն ասաց՝ հաշմանդամ եք,
չեմ կարող ձեզ վերցնել, ասաց՝ կամ պետք է կատարյալ առողջ լինեք, կամ
անվասայլակով»,-  պատմեց Նորայրը։

Նորայրը Գավառում բնակվում է ծնողների և քրոջ հետ։ Նա սովորում է
Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի երկրորդ կուրսում։ Նա
ուսման հետ համատեղելի ցանկացած աշխատանք է փնտրում:

Նորայրի քույրն առաջին կարգի հաշմանդամություն ունի: Քրոջը դիալիզի համար Երևան տանելը խնդիր է դեռ 2007 թվականից:

«Բանակից առաջ տանը ֆերմա ունեինք, ամեն ինչ լավ էր մինչև  2007 թվականի
ապրիլը, երբ քույրս վատացավ: Երևի մենք ապրիլից տուժածներն ենք:  Միայն
դիալիզն էր անվճար, ու մնացած ծախսերի համար ամեն անգամ մի անասուն ծախում
էինք: Կաթ ու մածուն էինք ծախում, էդ գումարով տան տանիքը փոխեցինք:  Երևան
գնալու համար մեզ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը տոմսեր էր
տրամադրում, հետո, երբ տեսան՝ տանիքը փոխել ենք, ասացին, դուք կարողանում
եք տանիք փոխել, չե՞ք կարողանում Երևան գնաք գաք»,- պատմեց նա:

Նորայրի թոշակով հազիվ վճարում են տան կոմունալ ծախսերը, մի մասն էլ
վճարում են վարկի դիմաց. «Հիվանդանոցները նենց մեզ թալանեցին, որ մի բանկից
վերցնում՝ մյուս բանկի բերանն էինք փակում: Էն ժամանակ, երբ ինձ ուղարկում
էին վարկ մուծելու, չէի գնում՝ ծեծով-ջարդով: Հետո ես հոժարակամ գնացի,
վարկ վերցրի ու մի բանկի բերան փակեցի»,- պատմում է Նորայրը:

Նորայրը երազում է աշխատանք գտնել, համեմատաբար մեծ վարկ վերցնել,
դրանով փակել մյուսները և նորոգել տունը։ Տունը, որտեղ ապրում է  ընտանիքը,
մոտ 200 տարվա է, տասնամյակներով չի վերանորոգվել և կամաց-կամաց փլվում է:
Ուզում է հիմքից տունը նորոգել, պատրաստ է ինքնուրույն անել նորոգման
բոլոր աշխատանքները:

Նորայրի ոտքը թեպետ պրոթեզավորված է, սակայն ինքն
իրեն հաշմանդամ չի համարում. «Հաշմանդամ խմբով չեն լինում, հաշմանդամ
լինում են ուղեղով, օրինակ՝ ունեմ ընկերներ, Գոհար Նավասարդյան՝ «Աղջիկը
լուսնի վրա» ներկայացման գլխավոր հերոսուհին ա։ Սարգիս Ստեփանյան, աշխարհի
գավաթակիր է. մի ձեռք ունի. Հիմա իրենք հաշմանդա՞մ են: Ես, որ Սարգիսին
տեսնում եմ, մտածում եմ, ամոթ ա, որ չկարողանանք մի բան էլ մենք անենք։ Եթե
մարդ ունի մեկ ձեռք, ու ձգտում ա հասնել կատարյալին։ Ախր մենք մի ոտք
չունենք ընդամենը»,- ասում է նա:

Սոցիալական խնդիրներն ու ընտանիքի հոգսերը հետին պլան են մղել անձնական կյանքի պլանները։

«Ամուսնանամ ինչի՞ հաշվին: Մտածմունքս առանց այն էլ քիչ չէ, սիրած աղջիկ ունենալու մասին չեմ մտածում»,- ասում է նա։

Նորայրը ծառայել է Մարտակերտում, վիրավորվել Թալիշում` տարածքն
ականապատելիս, կորցրել ձախ ոտքը: Վիրավորվելու համար միայն իրեն է
մեղադրում. անուշադրության հետևանք էր. «Երբ ես ուսումնական զորամասում էի
ծառայում, միջանցքի պատին մեծ տառերով նախադասություն կար. «Հիշի՛ր,
սակրավոր, սխալվում ես մեկ անգամ:

Իմաստը չէի հասկանում, մինչև ինձ հետ այս
դեպքը չեղավ: Անընդատ ինձ մեղադրում էի՝ մարդ էլ իրա դրած մինի վրա հելնի:
Վախենում էի դուրս գայի տնից, մտածում էի՝ մարդիկ ինձ կմեղադրեն, բայց
լրիվ այլ պատկեր եղավ»,- հիշում է նա:

 

Like this post? Please share to your friends:
Lascia un commento