Վայրի հրեշտակը, որի լուսանկարներով հուշատետրեր ունեն 1990-ականների սերնդի գրեթե բոլոր հայ աղջիկները, ապրիլի 7-ին մենահամերգ կունենա Երևանում։ Այս լուրը մեծ աժիոտաժ ստեղծեց Հայաստանում, քանի որ ժամանակին Նատալյան շատ մեծ պահանջարկ ուներ այստեղ։ Մենահամերգին ընդառաջ Tert.am Life–ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Նատալյայի հետ։
Երգչուհին մեծ ոգևորությամբ է պատրաստվում Հայաստան այցին։ Նրա խոսքով` մեր երկրի մասին մանկուց է լսել։ «Իսկապես, շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ ծանոթանալու ձեր երկրին: Լինելով ուրուգվայցի՝ մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Հիմա ես բնակվում եմ Արգենտինայում, որտեղ հայկական մեծ համայնք կա: Ուրուգվայն էլ շատ սերտ է կապված հայ համայնքի հետ: Այնտեղ մշտական բնակություն են հաստատել մեծ թվով հայեր (ավելին քան 15 հազար մարդ)»,– ասաց նա
Նատալյան հայտնեց, որ երևանյան համերգին կհնչեն ստեղծագործություններ իր երեք սկավառակներից: Հայաստանում սիրված ստեղծագործությունները ներառված են ծրագրում։ «Կկատարենք ձեզ մոտ շատ մեծ ժողովրդականություն վայելող Cambio dolor, ինչպես նաև Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor ստեղծագործությունները: Եվ, իհարկե, ես կներկայացնեմ իմ վերջին երգերից, որոնք հայտնի են դարձել Մոսկվայում անցկացված ֆուտբոլի աշխարհի մրցաշարի շնորհիվ: Օրինակ՝ United by love ստեղծագործությունը: Հավանաբար, շատ անակնկալներ կլինեն։ Շոուին մասնակցում են նաև երաժիշտներ ու բալետի պարողներ: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը»,– նշեց նա։
Ամենամեծ անակնկալը, որը բացահայտեց Նատալյան հայաստանյան այցի վերաբերյալ, անձնական է։ 16 քաղաքում խիտ գրաֆիկով շրջագայության ընթացքում տևական ժամանակ ընտանիքից հեռու մնալուց հետո երգչուհին Հայաստանում կհանդիպի ամուսնուն և 7-ամյա որդուն։ Ընդ որում` Հայաստան շրջագայության միակ երկիրն է, որտեղ նա կլինի ընտանիքի հետ։
«Մի գաղտնիք բացեմ, քանի որ որդիս դպրոց է գնում, չի կարող ինձ ուղեկցել ամբողջ շրջագայության ընթացքում:
Գուշակիր, ո՞ր երկիր է նա գալու ինձ տեսնելու։ Այո՛, նա ժամանելու է Հայաստան: Նա այնքան ուրախ է, որ կծանոթանա Հայաստանին: Որդիս՝ Ատաուալպան և ամուսինս՝ Ռիկարդոն միասին կգան Հայաստան՝ իմ համերգին: Ինձ համար շատ հաճելի է, որ նրանք կկարողանան շրջագայության հենց մեջտեղում տեսնել ինձ և դրա համար ընտրել են Հայաստանը: Միակ երկիրն է, որտեղ նրանք կայցելեն ինձ: Շատ ուրախ եմ»,– ոգևորությամբ ընդգծեց նա։Անկախ հաջող կարիերայից` երգչուհու համար ընտանիքն առաջնային է։ Ասում է` որդին իր գլխավոր մոտիվացիան է, իր համար շատ կարևոր է նրան ուղեկցել դպրոց։ «Ինձ համար ամենակարևորն ինքս ինձ հավատարիմ մնալը, չդավաճանելն ու զգալն է, որ ազատ եմ ընտրություն կատարելու հարցում, որպեսզի ոչ ոք ինձ չասի՝ թե ինչ ուղղությամբ առաջ շարժվեմ: Ինձ համար կարևոր է հետևել իմ սեփական ինտուիցիային, հոգալ ընտանիքիս, առողջությանս մասին: Բայց ինձ համար ամենակարևորն է տեսնել, թե ինչպես է որդիս խաղաղ քնում ու ժպիտով արթնանում: Ահա թե ինչն է, իմ կարծիքով, աշխարհում ամենակարևոր բանը»,– շեշտեց նա։
Բացի որպես դերասանուհի և երգչուհի իր կարիերան ծավալելը, Նատալյան մասնակցում է նաև սոցիալական մի շարք նախաձեռնությունների, հասարակական միջոցառումների: Այս ամենը հասցնելու համար դերասանուհին ունի իր բանաձևը։
«Մենք՝ կանայք, միշտ ժամանակ ենք գտնում ամեն ինչ հասցնելու համար, այնպես չէ՞:) Մենք մեր առանձնահատկություններն ունենք: Շատ հաճախ տղամարդիկ զարմանում են, որ մենք միևնույն ժամանակ կարող ենք մի քանի գործ անել: Ինքս մայր դառնալուց հետո առավել բազմազբաղ եմ դարձել և ամբողջ ժամանակս միայն մասնագիտությանս չեմ տրամադրում: Բացի նրանից, որ ես երգչուհի եմ, նաև դերասանուհի եմ, դիզայներ և մայրիկ»,– ասաց նա։
Նատալյան Հայաստանում ծրագրեր կիրականացնի նաև որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ «Ինձ համար շատ կարևոր են սոցիալական հարցերը: Ես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան եմ: Այս պահին մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ քննարկումների մեջ ենք այն ժամանակահատվածի համար, որ լինելու եմ ձեր երկրում»,– բացահայտեց երգչուհին։