
Դեպքի պահին զրուցում էի որդուս հետ, մենք չենք ավարտել մեր հեռախոսազրույցը, երեխեն ինձ հեռացող ձայնով կանչեց` մամ, էդ պահին երեխեն հեռախոսը չանջատեց, ես լսել եմ ՝ինչ են արել իմ երեխուն, էդ ձայները, որ ես լսել եմ…»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Թորոսյանի մայրը` Արմենուհի Պողոսյանը:
Նա պատմեց նաև, որ որդուց խլել են հեռախոսը, սպանելուց հետո նրա դին տեղափոխել են մարտական հենակետ:
Հայրը` Արսեն Թորոսյանը, փոխանցեց, որ իր տղայի հագուստից միայն տաբատն են տարել փորձաքննության, իսկ շապիկը ներառված չէ փորձաքննության ենթակա նյութերում. « Մեր երեխեքն իրանց համար արժեք չունեն, երեխա էր, ուղարկեցինք, սպանեցին, տվեցին մեզ, մի հատ էլ դիտմամբ ոտները կախ են գցում, մենք տանջվենք, կամաց-կամաց մահանանք, ես երեխա չունեմ տամ պետությանը, ոտերը փռած բերեն դնեն դեմս»,-ասաց նա` հավելելով, որ կանգ չի առնելու, որդու սպանությունը բացահայտելու համար պայքարելու է մինչև վերջ:
Նրա խոսքով` 200 զինվոր վկա է եղել, թե ինչպես է իր որդուն կապիտանը հարվածում, սակայն զինվորները վախենում են և տալիս են այն ցուցմունքը, ինչն իրենց ասում են. «Հայկ Գրիգորյանը (Քննչական կոմիտեի նախագահ․ խմբ․) աչքերիս մեջ նայելով ասեց՝ տղա ջան, ուր էլ գնաս, ես եմ։ Հիմա իմ գործերը ԱԱԾ-ում են, բայց ոչ մի էական փոփոխություն, քանի որ նրանք չեն թողում աշխատեն, կամ չեն ուզում»,-ասաց Լևոն Թորոսյանի հայրը:
Ծնողները մտավախություն ունեն, որ իրենց որդու գործը կարող է արժանանալ տասը տարի առաջ խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործին` այսինքն այդպես էլ չբացահայտվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):
Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը՝ NEWS.am
- http://www.haynews.am/hy/1550768974