Թո՛ղ ինձ մականուններով չվախեցնեն, ումն ուզում է լինեն այդ սրճարանները՝ քանդվելու են. Արթուր Մեսչյան (տեսանյութ)

«Օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի Օպերային», — այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Օպերայի տարածքին հարակից սրճարանների քանդմանը:

«Հիմա այնտեղ ում շահերն ենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում… ճիշտն ասած ինձ տվյալ դեպքում քաղաքի շահերն են հետաքրքրում, ես չեմ ուզում այնտեղ երեխաները հեծանիվ քշեն, իսկ կես մետր այն կողմ նստած գերաջուր խմեն և ծխեն, չեմ ուզում, ես իմ թոռանն այդ իրավիճակում չեմ ուզում տեսնել»,- ընդգծեց ճարտարապետը:

Ճշտող հարցին՝ այդ սրճարանները նույնիսկ այն դեպքում կքանդվե՞ն, եթե դրանք լինեն Սամվել Ալեքսանյանինը կամ այլ գործարարի, Արթուր Մեսչյանը պատասխանեց. «Իհարկե, քանդվելու են, ինչի՞ մասին է խոսքը: Կներեք, բայց ես անուն, ազգանուններով վաղուց չեմ հետաքրքրվում, առանձնապես՝ մականուններով, իմ գլխին իմ քաղաքն է, սերը իմ քաղաքի նակտմամբ, որի համար ես եկել, նստել եմ այստեղ և հիմա խոսում եմ ձեզ հետ: Ես ոչ մեկի առաջ, բացի իմ քաղաքից, պատասխանատու չեմ: Թող իմ անմիջական ղեկավարները չնեղանան, բայց ես ենթարկվում եմ իմ քաղաքի շահերին, անուն-ազգանուն-մականուններով թող ինձ չվախեցնեն»:

Ինչ վերաբերում է հարցին, որ սրճարանների սեփականատերերի կողմից դժգոհություններ են եղել, որ ծանուցման մեջ չի նշվել, թե իրենց սրճարանները քանդելու դեպքում քաղաքապետարանն ի՞նչ այլընտրանք է առաջարկում, Արթուր Մեսչյանը տեղեկացրեց, որ ծանուցումն այս գործընթացի միայն առաջին փուլն է, որին հետևելու են մյուս փուլերը. «Դրանով մենք իմաց ենք տալիս, որ այդպիսի խնդիր կա, իսկ այն, ինչի մասին ասվում է,՝հետագայի գործառույթ է: Սկզբում բիզնեսատերերը պետք է իմանան, որ ունեն որոշակի ժամկետ, բայց վերջնական գործառույթները մտնում են երկրորդ փուլի մեջ, թե որտե՞ղ կտեղափոխվեն, ի՞նչ պայմաններ կլինեն և այլն: Հիմա առաջին խնդիրն այն է, որ երևանցիները որոշեն, որ այդ տարածքները վերադարձվում են երևանցիներին»:

Ավելին՝ տեսանյութում:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento